Թուրքական հարվածների պատճառով քրդական ուժերը սպառնում են դադարեցնել ԻՊ-ի կալանավորների ճամբարների հսկողությունը
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ուժերը հայտնել են, որ, հնարավոր է, ստիպված լինեն դադարեցնել այն ճամբարների հսկողությունը, որտեղ գտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման կալանավորները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը BBC-ին հայտնել է, որ այլևս հնարավորություն չի ունենա պահպանել այդ հաստատությունները, եթե Թուրքիան նոր ցամաքային գործողություն սկսի:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գեներալ Մազլում Աբդին հայտնել է, որ ցամաքային գործողությունը կհանգեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնմանը:
«Դա կհանգեցնի Սիրիայում երկրորդ քաղաքացիական պատերազմին, և ԻՊ-ի դեմ մեր հակաահաբեկչական գործողությունները կդադարեցվեն: Որպես միջազգային կոալիցիայի մաս՝ մենք կռվել ենք և հաղթել ԻՊ-ին, և այն, ինչ անում է Թուրքիան, կփչացնի այդ ամենը», - ասել է նա BBC-ին:
«Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային պայքարի ընթացքում ԱՄՆ-ը մեծապես ապավինում էր քրդական ուժերին՝ Սիրիայից գրոհայիններին արմատախիլ անելու համար: «Սիրիայի դեմոկրատական ուժերը» դեռ վերահսկում է բանտերն ու կալանավայրերը, որտեղ պահվում են ԻՊ-ի զինյալները և նրանց ընտանիքները:
Նման հաստատություններից ամենամեծը, որտեղ գտնվում են կասկածյալ զինյալների ընտանիքները, «Ալ Հոլ»-ն է: Այնտեղ ապրում է ավելի քան 50 հազար մարդ, որոնց երկու երրորդը երեխաներ են։
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» հայտնել է, որ թուրքական օդուժի մի շարք հարվածների թիրախ է դարձել «Ալ Հոլ»-ը։ Հարձակման հետևանքով զոհվել են անվտանգության յոթ աշխատակիցներ, որոնք պատասխանատու էին ճամբարի պահպանության համար: Բացի այդ, վեց օտարերկրացի կալանավորներ փախել էին, սակայն ավելի ուշ կրկին ձերբակալվել են:
Գեներալ Աբդին զգուշացրել է, որ թուրքական հետագա հարձակումներն ուղղակիորեն կազդեն այդ հաստատությունները պահելու իրենց ունակության վրա:
Վերջին օրերին Թուրքիան բազմաթիվ թիրախների է հարվածել տարածաշրջանում՝ ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրում են «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությանը, որն, ըստ թուրքական կողմի, կապված է հյուսիսային Սիրիայի քուրդ զինյալների հետ:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը», որին աջակցում է ԱՄՆ-ն, հերքել է իր առնչությունը հարձակմանը և հայտարարել, որ Թուրքիան դա օգտագործում է որպես պատրվակ, որպեսզի արդարացնի իր վաղուց պլանավորած անդրսահմանային հարձակումը:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այդ հարվածները «միայն սկիզբն են», և որ Անկարան վճռական է թուրք-սիրիական սահմանն ամուր դարձնելու հարցում՝ այնտեղ ստեղծելով «անվտանգության միջանցք»: