Թուրքիայում Անթալիայի բնակիչները բողոքում են օտարերկրացիներին բնակարաններ վաճառելու դեմ
Անթալիայի բնակիչները պահանջում են դադարեցնել օտարերկրացիներին բնակարանների վաճառքն ու վարձակալությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Change.org-ում ներկայացված ստորագրահավաքին 24 ժամում 8500 մարդ է կողմ քվեարկել:
«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ վարձավճարների աննախադեպ աճի պատճառով քաղաքում կյանքը շատերի՝ մասնավորապես ուսանողների համար դժվարացել է։ Ինչպես նշվում է՝ տարածաշրջանում վարձավճարները երկու տարում 395 տոկոսով աճել են։ Միաժամանակ, բնակարանատերերը շարունակում են թանկացնել գները՝ նախընտրելով բնակարանները վարձակալությամբ տալ եկվորներին:
Անշարժ գույք գնելը նույնպես դժվարացել է. երեք տարվա ընթացքում միջին արժեքը 32 հազար դոլարից հասել է 268 հազար դոլարի:
Այժմ քաղաքի բնակիչների մոտ 200 հազարն օտարերկրացիներ են։
«Պետք է դադարեցնել օտարերկրացիներին բնակարանների վարձույթն ու վաճառքը, թող նրանք լինեն մեր հյուրանոցներում, հանգստյան գոտիներում որպես հյուր: Սա մեր քաղաքն է, այն չպետք է օտար դառնա ապագա սերունդների համար»,- ընդգծվում է հանրագրում։