ՆԱՏՕ-ի դռներն Ուկրաինայի համար մնում են բաց. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են մնում Ուկրաինայի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նոյեմբերի 29-30-ը Բուխարեստում կայանալիք նիստի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:
«ՆԱՏՕ-ի դռները բաց են: Եվ դա ոչ միայն խոսքով, մենք դա ցույց ենք տվել գործողություններով», - ասել Է նա: Ստոլտենբերգը հիշեցրել է, որ վերջին տարիներին դաշինք են ընդունվել Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան, իսկ 2022 թվականին ՆԱՏՕ են հրավիրվել Ֆինլանդիան և Շվեդիան:
«Այս որոշումներով մենք ցույց ենք տվել, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդլայնման վետոյի իրավունք չունի: Սա նաև ուղերձ է Ուկրաինային: 2008 թ.-ին Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ մենք որոշեցինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Իսկ անդամակցության ճանապարհով առաջ շարժվելու համար հարկավոր է աշխատել նրանց հետ քաղաքական գործընկերության դաշտում, ինչպես նաև պրակտիկ աջակցություն ցուցաբերելով», - ասել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգը, սակայն, շեշտել է, որ հրատապ խնդիրը Կիևին ռազմական աջակցության տրամադրում է բոլոր դաշնակիցների կողմից, որպեսզի Ուկրաինան հաղթանակ տանի:
Ստոլտենբերգի խոսքով՝ Ուրաինայի ԱԳՆ ղեկավարը հրավիրված Է Բուխարեստի առաջիկա նիստին՝ երկրին ցուցաբերվող աջակցության քննարկման համար: Բացի դրանից, հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները:
Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն կարողացել Է Արևելյան Եվրոպայում զգալիորեն ընդլայնել Ուկրաինային անհրաժեշտ խորհրդային նմուշի ռազմամթերքի արտադրությունը: