Նախագիծ. Դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումը կպատվիրակվի իրավաբանական անձին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգի նախագիծը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջից: Փաստաթղթով հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը:
Նախագծով առաջարկվում է ՝
Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար իրավաբանական անձին կարող են պատվիրակվել առնվազն 3 հաստատության վարչատնտեսական գործառույթներ:
Իրավաբանական անձին կարող են պատվիրակվել պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական գործառույթներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:
Վարչատնտեսական գործառույթների պատվիրակումը իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը՝ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
Լիազոր մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակման դեպքում հաստատության վարչատնտեսական ղեկավարը հանդիսանում է գնման գործընթացի պատասխանատուն և իրականացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ պատասխանատու ստորաբաժանմանը վերապահված լիազորությունները։
Եզրակացության և ընդունման-հանձնման արձանագրության հիման վրա լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել տվյալ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրի գործողությունը շարունակելու կամ այն լուծելու վերաբերյալ։
Իրավաբանական անձի կողմից իրեն պատվիրակված գործառույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում համակարգողը հիմնավորված առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմնին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմիններին դիմելու համար:
Այն դեպքերում, երբ վարչատնտեսական գործառույթներով սահմանված հիմնական ուղղություններից որևէ մեկի պատվիրակման համար նախատեսված մրցույթը չի կայանում, չեղյալ է համարվում, հաղթող չի ճանաչվում, կամ դատական կարգով բողոքարկվում են մրցույթի արդյունքները, ապա այդ գործառույթի համակարգման աշխատանքներն իրականացնում է ուսումնական հաստատության վարչատնտեսական համակարգողը՝ մինչև օրենքով սահմանված կարգով այդ գործառույթի պատվիրակումը։
Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ՝ մինչև հաղթող ճանաչվելը:
Հաստատության վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններն են՝ հաշվապահություն, գնումների գործընթաց, սննդի կազմակերպում, մաքրության և, անվտանգության ապահովում, ընթացիկ տեխնիկական սպասարկում:
Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 1-ը: