Պենտագոնը հրաժարվել է ներկայացնել Ուկրաինային լրացուցիչ 37,7 մլրդ դոլարով ֆինանսավորելու հարցապնդման մանրամասները
Պենտագոնը հրաժարվել է ներկայացնել Ջո Բայդենի վարչակազմի՝ Ուկրաինային 37,7 մլրդ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորման հարցապնդման մանրամասները, հարցապնդում, որի համաձայն՝ Ուկրաինային աջակցության ընդհանուր գումարը փետրվարին պատերազմն սկսելու պահից գերազանցում է 100 մլրդ դոլարը, տեղեկացրել է Fox News-ը։
Անցած շաբաթ Սպիտակ տունն ավելի շատ փող էր խնդրել։ Նամակում նշվել էր, որ պահանջվող 37,7 մլրդ դոլարից 21,7 մլրդ-ն տրամադրվելու է «Ուկրաիանայի համար սարքավորումներին, պաշտպանության նախարարության պաշարների համալրմանը» եւ այլն։
Բայց երբ Պենտագոնին հարցրել են, թե այդ գումարի որ մասն է ուղղվելու ամերիկյան պաշարների համալրմանը, նա հրաժարվել է պատասխանել։ «Ես չեմ կարող ձեզ ասել, թե այդ 21,7 մլրդ-ի որ մասն է տրամադրվելու ԱՄՆ պաշարների համալրմանը»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
Վարչակազմը ստիպված է լինելու ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել Կոնգրեսին՝ մինչ օրենքի ընդունումը, որով թույլ կտրվի ավելացնել ծախսերն Ուկրաինայի համար։ Օրինակ, Ուկրաինայի ֆինանսավորման մասին առաջին օրինագիծը նախատեսում էր 40 մլրդ դոլարի ծախսեր։ Դրանցից 6 մլրդ-ն օգտագործվել է Ուկրաինային զենք, հանդերձանք, լոգիստիկ աջակցություն, ուսուցում եւ այլ ուղիղ օգնություն ցուցաբերելու համար, իսկ 9 մլրդ-ն տրամադրվել է ԱՄՆ-ում զենքի պաշարների համալրմանը։
Օրենսդիրները շահագրգռված են, որպեսզի համալրվեն ԱՄՆ զենքի պաշարներն այն բանից հետո, երբ երկիրը սպառել էր սեփական պաշարները՝ օգնելով Ուկրաինային։
Հոկտեմբերին գործին ծանոթ աղբյուրները տեղեկացրել էին, որ ավելի դժվար է լինելու Ուկրաինա ուղարկել բարձրակարգ սպառազինություն՝ HIMAR հրթիռային կայանքներ, Javelin հակատանկային հրթիռներ եւ այլն, որովհետեւ ներքին պաշարները շատ քիչ են։
Հոկտեմբերի սկզբին սենատոր Թոմ Քոտոնը (Արքանզասի նահանգ) առաջարկել էր օրենք, որն ուղղված էր այն բանին, որպեսզի ԱՄՆ-ը վերականգնի իր սպառված պաշարները։
«Ուկրաինա ռուսական ներխուժումը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների զինամթերքների պաշարները վտանգավոր չափի քիչ են։ Մենք պետք է վերականգնենք այդ պաշարները, որպեսզի ապահովենք մեր զինված ուժերի պատրաստականությունը»,- ասել է Քոտոնը։
Որոշ հանրապետականներ դժգոհել են, որ մեծ ծախսերը՝ Ուկրաինային աջակցելու համար, ապահովված են ոչ ռազմական հոդվածներով, որոնք գերազանցում են դրանց արժեքը, իսկ Սպիտակ տան հարցապնդումը ներառում է միլիարդավոր ոչ ռազմական ծախսեր։
Օրինակ, Սպիտակ տան վերջին՝ 37,7 մլրդ դոլարի հարցապնդման մեջ կա 14,5 մլրդ դոլարի հարցապնդում, որով ֆինանսավորվելու է Ուկրաինային լրացուցիչ օգնությունն անվտանգության ոլորտում, որն իրականացնելու է պետդեպարտամենտը, իսկ պարենային անվտանգության ոլորտի օգնությունն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։
Սպիտակ տունը նաեւ ցանկանում է ստանալ 626 մլն դոլար՝ Ուկրաինայում «միջուկային անվտանգության» ապահովման եւ Ռազմավարական նավթային պահուստի արդիականացման համար։ Սպիտակ տունը հայտարարում է, որ այդ փողերի մեծ մասն օգտագործվելու է նավթի պաշարների վերականգնման համար։
Վերջապես, Սպիտակ տունը ցանկանում է եւս 900 մլն դոլար՝ Ուկրաինային բժշկական ծառայությունների ցուցաբերման համար, առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների միջոցով։