Թուրքիայի հետ ողջ սահմանի երկայնքով քաոս կլինի․ քուրդ գեներալ
Քրդերն այլեւս չեն կարող օգնել ԱՄՆ-ին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ բախվում են թուրքական գրոհներին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մազլում Աբդին։
«Մենք միտումնավոր չենք սառեցրել միջազգային կոալիցիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ համատեղ գործողությունները,- ասել է Մազլումը,- Բայց, ինչպես ասել եմ, ստիպված ենք դադարեցնել այս գործողությունը շարժման մեջ, քանի որ ահռելի սթրես ենք ապրում մեր տարածքներ թուրքական հնարավոր ներխուժման պատճառով»:
Թուրքիան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի համար նա քրդական խմբավորումներին է մեղադրում, սկսել է հարվածներ հասցնել քրդերի դիրքերին Սիրիայում եւ Իրաքում։
Գեներալ Մազլումն ասել է, որ ահաբեկիչը ԴԱԻՇ-ից է եւ դատապարտել է հարձակումը։ Նա զգուշացրել է, որ Թուրքիան այդ միջադեպն օգտագործում է որպես քրդերի էթնիկ զտումների պատրվակ։ Թուրքական ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել Ղամիշլիի սահմաններից մոտ 30 մղոն հեռավորության վրա գտնվող ռազմաբազային, որը ԱՄՆ զինվորականները կիսում են քուրդ զինյալների հետ:
Պենտագոնը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» էսկալացիայից, որը սպառնում է ԴԱԻՇ-ին հաղթելու ջանքերին եւ վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի անձնակազմի կյանքը, որը Սիրիայում տեղական գործընկերների հետ աշխատում է ահաբեկչական խմբավորմանը հաղթելու համար:
«Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա, որպեսզի ուշադրությունը կենտրոնացվի ԴԱԻՇ-ին հաղթելու առաքելության վրա»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը:
Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնում են ԱՄՆ անձնակազմի անվտանգությանը, որը Սիրիայում աշխատում է տեղական գործընկերների հետ՝ ԴԱԻՇ-ին հաղթելու եւ ԴԱԻՇ-ի ավելի քան 10 000 կալանավորներին անազատության մեջ պահելու համար:
Գեներալ Մազլումը ամերիկացի ժողովրդին եւ ամերիկյան կառավարությանը կոչ է արել պաշտպանել քրդերին։ «Ես ցանկանում եմ, որ ամերիկացի ժողովուրդը ցույց տա նույն դիրքորոշումը, որը ցույց տվեց 2019 թվականին, երբ մենք կրկին բախվեցինք թուրքերի հարձակմանը»,- ասել է նա։ «Այժմ մենք կրկին թուրքերի կողմից էթնիկ զտումների սպառնալիքի տակ ենք։ Եվ ես խնդրում եմ Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին պաշտպանել իրենց քուրդ բարեկամներին»:
Axios-ին տված հարցազրույցում գեներալ Մազլումը հայտնել է, որ թեեւ տեղեկություն է ստացել, որ Թուրքիան հրամայել է իր տեղական ներկայացուցիչներին նախապատրաստվել ցամաքային հարձակման, Բայդենի վարչակազմը դեռ կարող է համոզել Էրդողանին նահանջել:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ռազմավարությունն այն է, որ հայտարարի գործողության մասին, որոշ նախապատրաստություններ կատարի, ապա ստուգի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արձագանքը։ «Ես կարծում եմ, որ հենց նրանք [Թուրքիան] տեսնեն, որ հիմնական խաղացողների կողմից չկա ուժեղ դիմադրություն, նրանք առաջ կգնան»,- ասում է Մազլումը։ «Մենք կարծում ենք, որ արձագանքը բավարար չէ, որպեսզի խանգարի թուրքերին սկսել այդ գործողությունը»։
Նրա խոսքով՝ սիրիական պաշտպանական ուժերը ձգտում են կանխել «էսկալացիան», սակայն «եթե կռիվը իսկապես տեղի ունենա, մեր ուժերը կպաշտպանեն իրենց եւ իրենց մարդկանց մինչեւ վերջ»: «Այս անգամ գործողությունը չի սահմանափակվի եւ քաոս կլինի Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով»,- զգուշացրել է նա։ «Մենք հավատում ենք, որ նախագահ Բայդենը կկատարի իր խոստումները եւ կպաշտպանի քրդերին թուրքերի կողմից տարածաշրջանում էթնիկ զտումներից, ինչպես խոստացել էր իր նախագահական քարոզարշավի ժամանակ»,- նշել է Մազլումը։