Ուկրաինայի հանդեպ Վաշինգտոնի վտանգավոր անպտուղ խաղը սկսվում է փլվել
Անցյալ շաբաթ աշխարհը հայտնվեց միջուկային պատերազմի եզրին, երբ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին ռազմական գործողությունների կոչ արեց՝ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռի պատճառով։ «Սա Ռուսաստանի հարվածն է հավաքական անվտանգությանը։ Սա իսկապես զգալի էսկալացիա է։ Գործողություններ են անհրաժեշտ»,- հայտարարեց Զելենսկին հրթիռի ընկնելուց անմիջապես հետո։
Բայց խնդիր կար։ Հրթիռը Ուկրաինայի տարածքից էր արձակվել՝ ամենայն հավանականությամբ պատահականություն պատերազմի մշուշում։ Եթե դա իսկապես ռուսական հրթիռ լիներ, իհարկե, դա կարող էր նշանակել երրորդ համաշխարհային պատերազմ։ Բայց Զելենսկուն, դատելով նրա անխոհեմ հռետորաբանությունից, չէր անհանգստացնում աշխարհի պայթելու հեռանկարը, գրում է The Ron Paul Institute for Peace and Prosperity վերլուծական կենտրոնի տեսաբան Ռոն Փոլը։
Այն ժամանակ, երբ ամերիկյան ԶԼՄ-ները, Բայդենի վարչակազմը եւ Կոնգրեսում երկու կուսակցությունները Զելենսկուն որպես սուրբ էին դիտարկում, աննախադեպ բան տեղի ունեցավ՝ Բայդենի վարչակազմը դիմադրություն ցույց տվեց։ Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ Բայդենին Զելենսկու մի քանի հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։
Երբ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջապես հետ է զանգել Զելենսկուն, նա, ինչպես հաղորդվում է, ասել է․ «Զգույշ գործեք» այն պնդումների հետ կապված, որ Ռուսաստանը կանգնած է Լեհաստանում հայտնված հրթիռների հետեւում: Բայդենի վարչակազմը հրապարակայնորեն վիճարկել է Զելենսկու անընդհատ պնդումները, որ Ռուսաստանը հրթիռներ է արձակել ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի վրա։ Վաշինգտոնի երկօրյա դիմադրությունից հետո Զելենսկին վերջապես, կարծես, նահանջել է։
Մենք խոսակցություններ ենք լսել նախագահ Բայդենի հիասթափության մասին՝ Զելենսկու անվերջ մուրացկանության եւ ԱՄՆ կառավարության տրամադրած 60 միլիարդ դոլարի հետ կապված անշնորհակալ լինելու համար, բայց սա ամենավառ հրապարակային օրինակն է Բայդենի վարչակազմի խոստովանության, որ ինքը «Զելենսկու խնդիր» ունի:
Զելենսկին հավանաբար հասկացել է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը իմացել են, որ դա ռուսական հրթիռ չէ: Հաշվի առնելով ԱՄՆ-ի հետախուզության լայն հնարավորությունները ռազմական գործողությունների այս գոտում, շատ հավանական է, որ ԱՄՆ կառավարությունն իրական ժամանակում իմացել է, որ հրթիռները ռուսական չեն եղել: Հակառակի մասին Զելենսկու պնդումը գրեթե խելահեղություն է: Եվ, կարծես, առաջին անգամ Վաշինգտոնը դա նկատել է։
Արդյունքում այս վտանգավոր դրվագի կապակցությամբ Վաշինգտոնի պահպանողականների շրջանում փոքր, բայց, հուսանք, աճող բողոք է եղել: Ջորջիայի խորհրդարանի պատգամավոր Մարջորի Թեյլոր-Գրինը օրենք է ներկայացրել, որը պահանջում է ստուգել Ուկրաինա ուղարկված տասնյակ միլիարդավոր դոլարները եւ, հնարավոր է, եւս 50 միլիարդ դոլարը: Բանաձեւը ներկայումս տասնմեկ համահեղինակ ունի:
Կոնգրեսի պատգամավոր Մեթ Գեթսը հրապարակավ հայտարարել է, որ չի քվեարկի Ուկրաինայի համար ոչ մի դոլարի օգտին։ Մյուսները, ինչպիսին կոնգրեսական Փոլ Գոսարն է, ավելի հեռուն են գնացել: Վերջերս Թվիթերում Գոսարը Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունն անվանել է «փողերի լվացման կոռուպցիոն գործողություն»: Քանի որ FTX կրիպտոարժույթի փոխանակման վերջին փլուզման հետեւանքները վկայում են հնարավոր քաղաքական կոռուպցիայի մասին, նրա հայտարարությունները կարող են ճշգրիտ լինել:
Երբ սենատոր Փոլը ներկայացրել է Ուկրաինային օգնության լայնածավալ փաթեթում փոփոխությունը, որը պահանջում է, որ որեւէ մեկը ստուգի միջոցները, նա ծաղրի եւ հարձակումների է ենթարկվել: Մոտ յոթ ամիս անց նրա դիրքորոշումը շատ ավելի ընդունելի է թվում։ Եվ սա լավ է:
Երբ Ուկրաինայում պատերազմի շուրջ հիստերիան վերջապես հանդարտվի՝ այնպես, ինչպես հանդարտվեց Covid-ի շուրջ հիստերիան, շատ ավելի շատ ամերիկացիների համար պարզ կդառնա, թե ինչ բացարձակ ֆիասկո է այս ամենը եղել։ Հուսանք, որ հանրապետականները կարագացնեն այս գործընթացը, երբ հունվարին վերցնեն Ներկայացուցիչների պալատը»: