Մակրոնը դեմ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ուոլեսի թեկնածությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է վետո դնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի թեկնածության վրա։ Ֆրանսիան դեմ է Մեծ Բրիտանիայից կամ Թուրքիայից ցանկացած թեկնածուի, որը կարող է հավակնել այդ պաշտոնին, գրում է Express.co.uk-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի սեպտեմբերին։ Ուոլեսն այս պաշտոնի հավակնորդների թվում է։
Բրիտանացի պահպանողական պատգամավոր Էնդրյու Բրիջենը Մակրոնին մեղադրել է «անգլոֆոբիայի» մեջ։ «Թեեւ Մակրոնի անգլոֆոբիան հիասթափեցնում է, բայց ամեն դեպքում հետեւողական է»,- ասել է նա:
Պահպանողական մեկ այլ պատգամավոր նշել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը հարցեր է առաջացնում վարչապետ Ռիշի Սունակի մոտ՝ նշելով, որ նա «Մակրոնին բարեկամ է համարում»։
Միաժամանակ, Եվրոպական հետազոտական խմբի փոխնախագահ Դեւիդ Ջոնսն ասել է, որ «ցանկացած ողջամիտ մարդ կհասկանա, որ այս պաշտոնում մեծ ռազմական տերության ներկայացուցիչ ունենալը լավ գաղափար է»:
Ըստ Times-ի տվյալների՝ այդ պաշտոնին հավակնում են նաեւ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն եւ Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը: