Երևանի և Բաքվի հետ շփումների ժամանակ քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա
Խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված մյուս հարցերը բավական բարդ բնույթ են կրում: Հետևաբար, Մոսկվան նպատակահարմար չի համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչև հստակ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումների ժամանակ քննարկվում է, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հարցը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի և եռակողմ պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև իրավիճակի սրումից խուսափելու կարևորությունը:
«Մենք, իհարկե, կարևոր ենք համարում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման: Ռուսաստանը պահպանում է կանոնավոր շփումները երկու կողմերի հետ ինչպես քաղաքական մակարդակում, այդ թվում՝ երկրի ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով: Եվ, անշուշտ, մենք կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման համար», - նշել է դիվանագետը: