ԱԱԾ-ում ծառայության տարիքային ցենզը պետք է վերանայել․ ԱԱԾ փոխտնօրեն
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է վերանայել ԱԱԾ-ում ծառայության տարիքային ցենզը։ Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։
ԱԱԾ փոխտնօրենի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության մարմիններից պրոֆեսիոնալ կադրերի հնարավոր արտահոսքի կանխման, կադրային քաղաքականության արդյունավետության եւ սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությամբ։
Սա կօգնի լուծել նաեւ գործնականում առաջացող խնդիրները, օրենքներում օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։
«Ներկայումս ենթասպաների եւ սպաների առավելագույն տարիքը մինչեւ փոխգնդապետի կոչումը 50 տարի է, իսկ գնդապետների համար՝ 55 տարի, ինչը զգալիորեն ցածր է ոլորտային օրենքներով նախատեսված տարիքային ցենզից՝ ինչպես զինվորական, այնպես էլ այլ համարժեք ծառայությունների համար։
Նշված սահմանափակումները հաճախ խոչընդոտներ են ստեղծում հատկապես որակյալ կադրերով համալրումն ապահովելու առումով»,- պարզաբանեց Հարությունյանը։
Նախագծի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության տարիքային ցենզը, բացառությամբ ավագ սպաների, առաջարկվում է երկու տարով ավելացնել։ Միաժամանակ, հաշվի առնելով բժշկական բնույթի մասնագիտական պաշտոնների փոխարինման առանձնահատկությունները, առաջարկվում է նախատեսել նշված պաշտոնները զբաղեցնող սպաների ծառայության ժամկետը 5-ի փոխարեն 10 տարի դարձնելու հնարավորությունը։
Բացի այդ, ԱԱԾ-ին առաջարկվում է հստակեցնել ԱԱԾ-ի լիազորությունները՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հետ կապված գործունեություն իրականացնելիս։
Նախագծում նաեւ հստակեցվում են մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությանը եւ կադրային քաղաքականությանը։
Մասնավորապես, ԱԱԾ տնօրենը իրավունք ունի աշխատանքից ազատվել աշխատակցին, որը կատարել է դիտավորյալ հանցագործության նշաններ պարունակող արարք եւ որի նկատմամբ քրեական հետապնդում կամ չի իրականացվել կամ այն դսադարեցվել է անհիմն պատճառներով։
«Հարկ է ընդգծել, որ ծառայությունից ազատելու նմանատիպ հիմքեր կան եւ ոստիկանությունում, եւ դատախազությունում, եւ քննչական մարմիններում»,- նշեց վարչության փոխտնօրենը։