Հակամարտությունն Ուկրաինայում կարող է տասնամյակներ տեւել. Չավուշօղլու
Իրավիճակն Ուկրաինայում կարող է տասնամյակներ տեւել, կարծում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Մեր կարծիքով՝ պատերազմը ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ավարտվելու է բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտադաշտում ունեցած հաջողությունների ճանապարհով»,- ասել է Չավուշօղլուն՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով ելույթ ունենալով Անկարայի բուհերից մեկում, նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիեշեցրել է, որ ՌԴ եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների՝ Անթալիայում կայացած հանդիպման, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների ստամբուլյան հանդիպման արդյունքներով կողմերը մոտ են եղել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուն։ Բայց հետո կողմերը հրաժարվել են երկխոսությունից։
«Այսօր պայմանները լրջորեն տարբերվում են դեռեւս մարտին եղած պայմաններից։ Նոր իրողություններ են հայտ եկել։ Իրավիճակը շատ ավելի խառն է, բայց հույսը կորցնել չի կարելի»,- համոզված է նախարարը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական բաղադրիչի շեշտադրման դեպքում «կառաջանա այն բանի վտանգը, որ պատերազմը կարող է տասնամյակներ տեւել»։