Երևանում մեքենաների բախումից «Subaru»-ն գլխիվայր շրջվել է. 4 վիրավորներից մեկի վիճակը ծանր է
Նոյեմբերի 23-ին, ժամը 22։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան 25/5 հասցեում գտնվող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Subaru» և «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ն.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Subaru» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են «Արմանիա» ՀԲԿ։
Փրկարարները «Subaru» մակնիշի ավտոմեքենայի ևս երկու ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմանիա» ՀԲԿ, որտեղից Պ.Ու․-ն (ծնված 2002 թ) և Մ. Ս․-ն (ծնված 2003 թ․) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ․ Պ․Ու.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ․Ս․-ինը՝ բավարար։
Տուժածներ Տ․Մ․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Դ․Մ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ Տ․Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, դադարեցրել «Subaru» մակնիշի ավտոմեքենայի յուղի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։