Երկու օր առաջ Բերդի անտառներում բռնկված հրդեհը դեռ չի մարվել. Հրդեհաշիջման աշխատանքները կերսկսվել են առավոտյան
Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 6 հա անտառածածկ տարածք (խաշամ, խոտածածկույթ, բուսածածկույթ և 10 կանգուն, չորացած հաճարենի):
Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: