Մունդիալ-2022․ Բելգիայի հավաքականը հաղթեց Կանադային
Կատարի Ահմեդ բին Ալի մարզադաշտում Մունդիալ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում մրցեցին F խմբում ընդգրկված Բելգիայի և Կանադայի հավաքականները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղը շատ ակտիվ սկսեցին Կանադայի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք, կարելի է ասել շատ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցին ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում։
Արդեն 9-րդ րոպեին կանադացիները իրենց խաղային առավելությունը նյութական առավելության վերածելու հիանալի հնարավորություն ստացան։ Բելգիայի հավաքականի կիապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն մրցակցի գրոհներից մեկի ժամանակ ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, և մրցավարը 11 մետրանոց նշանակեց բելգիացիների դարպասին։ Գնդակին մոտեցավ Ալֆոնսո Դևիսը, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղեց Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։
Չնայած 11 մետրանոց հարվածը ձախողելուն՝ կանադացիները չհուսահատվեցին ու անընդհատ գրոհում էին՝ մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ։ Գնդակը, սակայն, ոչ մի կերպ բելգիացիների դարպասում չէր հայտնվում։ Ավելին՝ խաղակեսի վերջնամասում հենց Բելգիան կարողացավ գոլ խփել։ 44-րդ րոպեին բելգիացիների կայծակնային հակագրոհն արդյունավետ եզրափակեց Միշի Բաչուային։ Առաջին խաղակեսն ավարտվեց բելգիացիների նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում կանադացիներն արդեն նույն թարմությամ ու սրությամբ չէին գրոհում, ինչպես առաջին խաղակեսում։ Կանադացիներն, իհարկե, ոչ մի կերպ չէին ցանկանում համակերպվել պարտության մտքի հետ, ամեն ինչ անում էին արդյունքի հասնելու համար, սակայն Բելգիայի հավաքականը կարողացավ պահել հաղթանակը։ Խաղն ավարտվեց Բելգիայի հաղթանակով՝ 1-0։
Բելգիայի հավաքականն այս խաղից հետո գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիան ու Մարոկկոն,որոնց միջև խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի արդյունքով, ունեն մեկական միավոր։ Մրցաշարային աղյուսակը 0 միավորով եզրափակում է Կանադան։ Երկրորդ տուրի խաղերն այս խմբում ընդրկված թիմերը կանցկացնեն նոյեմբերի 27-ին։ Բելգիան կխաղա Մարոկկոյի, Կանադան՝ Խորվաթիայի դեմ։