Մունդիալ-2022. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Կոստա Ռիկային
Մունդիալ-2022 E խմբի անդրանիկ տուրի շրջանակներում Իսպանիայի ընտրանին ուժերը չափեց Կոստա Ռիկայի հավաքականի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ Տումամա» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկում Իսպանիայի ընտրանին շատ ակտիվ էր գործում և մեկնարկային 10 րոպեներին մի քանի լավ առիթ ուներ բացելու հանդիպման հաշիվը:
Գրոհների տարափը տվեց իր արդյունքը: 11 րոպեին, գեղեցիկ գործելով մրցակցի տուգանային հրապարակում, գոլի հեղինակ դարձավ Դանի Օլմոն: «Կարմիր ֆուրիա»-ից ընդամենը 10 րոպե պահանջվեց հաշիվը կրկնապատկելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարկո Ասենսիոն: Իսպանացիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը, և 30-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Ֆերան Տորեսը:
Երկրորդ խաղակեսում ևս իսպանացիները շարունակեցին զարգացնել հաջողությունը և 54-րդ րոպեին Ֆերան Տորեսը դարձավ դուբլի հեղինակ: Իր գոլը խփեց նաև իսպանական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը Գավին: Նա աչքի ընկավ 74-րդ րոպեին: Իսկ խաղավարտին` 90-րդ րոպեին, Կարլոս Սոլերը և 90+2-րդ րոպեին Ալվարո Մորատան իրեն գոլերով վերջնականացրեցին Իսպանիայի խոշոր հաշվով հաղթանակը:
Իսպանիա-Կոստա Ռիկա` 7:0:
E խմբի երկրորդ տուրում Գերմանիայի ընտրանին կխաղա Իսպանիայի, իսկ Ճապոնիան` Կոստա Ռիկայի դեմ: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 27-ին: