Կանխամտածված բռնության է ենթարկվել արցախցի պատգամավորը. «Միասնական հայրենիք»
«Միասնական հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն Ազգային Ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի նկատմամբ գործադրված բռնության վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Ս.թ. նոյեմբերի 18-ին ԱՀ Ազգային ժողովի հարակից տարածքում, մասնավորապես՝ «Արմենիա» հյուրանոցի սրճարանում, ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղաքական դրդապատճառներով անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Արշակ Գրիգորյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության անդամների նկատմամբ, որի հետևանքով վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց։
Այնուհետև պատգամավոր Ա․ Գրիգորյանին զանգահարել և զրուցելու պատրվակով «Արմենիա» հյուրանոցի սրճարան է հրավիրել վերոնշյալ միջադեպի ժամանակ պատգամավոր Դ․ Գալստյանին ուղեկցող «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։ Ա․ Գրիգորյանի և Հ․ Հակոբյանի՝ մի քանի րոպե տևած զրույցն ընդհատվել է պատգամավոր Դ․ Գալստյանի և նրան ուղեկցող մի քանի անձանց կողմից Ա․ Գրիգորյանի վրա թիկունքից հարձակմամբ։ Արդյունքում երրորդ կողմի ներգրավմամբ կանխամտածված բռնության է ենթարկել ԱԺ պատգամավոր Ա․ Գրիգորյանը։
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝
- խստորեն դատապարտում ենք պատգամավոր Ա․ Գրիգորյանի նկատմամբ բռնության կիրառումը և անթույլատրելի ենք համարում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը հատկապես պատգամավորական մանդատ կրող անձանց նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ,
- պահանջում ենք Ազգային ժողովում ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննության առնել ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դ. Գալստյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը՝ արարքի համապատասխան որակմամբ,
- կոչ ենք անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ բացահայտելու պատգամավոր Ա. Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց և վերջինիս նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում՝ արարքի համապատասխան քրեաիրավական որակմամբ»։