Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը
Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանի եղբայրը։ Վանը ծնվել է նոյեմբերի 17–ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2 կգ 400 գրամ քաշով եւ 46 սանտիմետր հասակով։
Վահեի մայրը՝ 49–ամյա Անահիտ Մկրտչյանն ասում է՝ իրականացրել է որդու ամենամեծ երազանքը։
«Վահես նույնիսկ բանակից էր ամեն օր զանգում ու խնդրում, որ երեխա ունենանք։ Ասում էր՝ մամ ջան, բանակից գամ, նորությունն անկողնում պառկած լինի։ Հիմա Վահես երկնքից տեսնում է, որ ես ու ամուսինս իրականացրել ենք իր ամենակարեւոր նպատակներից մեկը։ Շատ եմ ուզում, որ Վանս եղբոր ճանապարհով գնա, Վահես տեսնի, որ իր ճանապարհը շարունակող կա, իր կիսատ մնացած երազանքներն իրականացնող կա»,– ասում է մայրը։
Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ ինքն ու ամուսինը գիտակցաբար են գնացել այս որոշմանը եւ չնայած իր տարիքին ու առողջական խնդիրներին՝ Աստծո օրհնությամբ որդի են ունեցել. «Ես իր մեջ չեմ ուզում Վահե տեսնել, ես ուզում եմ տեսնել Վանին, որը շարունակելու է Վահեի գործը։ Ես չեմ ուզում որպես Վահե սիրել, ես ուզում եմ, որ Վանը հպարտ լինի, որ Վահեի եղբայրն է։ Աննկարագրելի իրականություն է սա, Վանը փոխեց մեր ընտանիքի մթնոլորտը, հնարավորություն տվեց, որ մեր դեմքին մի փոքր ժպիտ գա»։
Հղիությունը վարել եւ կեսարյան հատումն իրականացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանը։ Ծննդատան փոխտնօրենն ասում է, որ Անահիտ Մկրտչյանը եղել է ռիսկային խմբում. «Բացի տարիքից՝ նաեւ դիաբետ է ունեցել, վերջին օրերին նաեւ ճնշման տատանումներ ուներ։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ժամկետից շուտ ենք կեսարյան հատումն իրականացրել։ Ներկայումս, եւ երեխան, եւ մայրը իրենց լավ են զգում»։
21–ամյա Վահե Կարապետյանը պարտադիր ժամկետային ծառայությունից վերադարձել էր 2019թ.–ի ամռանը, սովորում էր Երեւանի պետական համալսարանում, մասնագիտությամբ դեղագործ էր։ Վահեն աշխատում էր NEWS.am–ում որպես օպերատոր, մոնտաժող։ 44–օրյա պատերազմի ժամանակ նա հնարավորություն ուներ՝ պատերազմ չմեկնելու, սակայն, կամավոր մեկնել է Արցախ։ Նա մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, որից հետո տեղափոխվել Երեւան։ Նոյեմբերի 9–ին, այդպես էլ գիտակցության չգալով, Վահեն մահացել է՝ պատերազմի ավարտի հայտարարությունից մի քանի ժամ առաջ։
«Ասում էր՝ ես հո փալա՞ս չեմ, որ փողոցում քայլեմ, ինձնից փոքր տղաներն առաջնագծում կռվեն։ Ինձ անընդհատ ասում էր՝ մամ ջան, ես փալաս չեմ»,– պատմում է մայրը։
Նշենք, որ Վահե Կարապետյանը հետմահու Արցախի իշխանությունների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալով։