ԱՄՆ դպրոցներում երկու անգամ ավելացել է արգելված գրքերի քանակը
ԱՄՆ դպրոցական գրադարաններում նախորդ տարվա համեմատ 2022 թվականին կրկնապատկվել է առգրավվող գրքերի քանակը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Ամերիկյան գրադարանային ասոցիացիային։
Ասոցիացիայի ղեկավար Դեբորա Քոլդուել-Սթոունը հայտնել է, որ 2022 թվականին ծնողները, քաղաքական գործիչները եւ այլ ամերիկացիներ ավելի քան 800 բողոք են ներկայացրել դպրոցական եւ համալսարանական գրադարաններում մոտ 1600 գրքերի բովանդակության վերաբերյալ։ Նրա գնահատականներով՝ այս տարի երկիրը ռեկորդ է սահմանելու ուսումնական հաստատություններում արգելված գրքերի քանակով։
Քոլդուել-Սթոունը ենթադրել է, որ առգրավված գրքերի իրական թիվը շատ ավելին է:
ԱՄՆ դպրոցներում, մասնավորապես, արգելված են Հարիեթ Բիչեր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը», Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան՝ ըստ Ֆորենհեյթի» եւ Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆինի արկածները» ստեղծագործությունները։