Ռոսկոմնադզորը համացանցից արգելափակել է ԼԳԲՏ քարոզչություն պարունակող 5500 էջ տեղեկատվություն
Ռոսկոմնադզորն արգելափակել և համացանցից հեռացրել է անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչություն պարունակող ավելի քան 5500 համացանցային էջ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից:
«Նման նյութերն արգելափակվել են դատարանի որոշումների հիման վրա, քանի որ արգելված է նման տեղեկատվության տարածումը»,- Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ընդլայնված նիստում ասել է Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինը։ Սուբբոտինն անընդունելի է որակել գործող ներկայիս պրակտիկան, երբ արգելված բովանդակության հայտնաբերման պահից մինչև դրա վերաբերյալ դատարանի որոշում կայացնելն անցնում է երկու-երեք ամիս:
Ավելի վաղ ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր ԼԳԲՏ քարոզչության արգելքի, ինչպես նաև տուգանքներ սահմանող նախագիծը, որը քաղաքացիների համար կկազմի մինչև 400 հազար ռուբլի և մինչև 5 միլիոն ռուբլի՝ իրավաբանական անձանց համար: