Մունդիալ-2022. Անգլիացիները խոշոր հաշվով հաղթեցին Իրանին
Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության B խմբի մեկնարկային խաղում մրցեցին Անգլիայի և Իրանի ընտրանիները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էր-Ռայան քաղաքում տեղակայված «Խալիֆ» միջազգային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 16 րոպե անց Իրանի հավաքականը ստիպված փոփոխեց դարպասապահին, ով վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը:
Խաղակեսի միջնամասում Անգլիայի հավաքականը սկսեց առավել սուր գրոհել: Վիճակագրությամբ Անգլիայի ընտրանին գնդակին տիրելու հարաբերակցությամբ առաջ էր` 70/15: «Երեք առյուծները» առավելությունը գոլի վերածեցին 35-րդ րոպեին: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Ջուդ Բելինգեմը: Անգլիացիները ևս երկու գնդակ ուղարկեցին Իրանի դարպասը մինչև խաղակեսի ավարտը: Նախ 43-րդ րոպեին աչքի ընկավ Բուկայո Սական, այնուհետ` 45-րդ րոպեին, Ռահիմ Ստերլինգը:
Անգլիայի հավաքականը առաջատարի դերը պահպանեց նաև երկրորդ կեսում: Խաղի 62-րդ րոպեին Բուկայո Սական գրավեց Իրանի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Իրանի ընտրանին կարողացավ հեղինակության գնդակ խփել 65-րդ րոպեին, երբ դիպուկությամբ աչքի ընկավ Մեհդի Տարեմին: Անգլիան չբավարարվեց ձեռք բերածով ու խփեց նաև 5-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մարկուս Ռեշֆորդը: Զեկ Գրիլիշը խփեց Անգլիայի թիմի 6-րդ գնդակը 90-րդ րոպեին: Իսկ խաղի 102-րդ րոպեին Անգլիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց նույն Տարեմին:
Անգլիա-Իրան` 6:2:
Խմբի մյուս խաղում կմրցեն ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները: Այդ հանդիպումը կմեկնարկի նոյեմբերի 21-ին` Երևանի ժամանակով 23:00-ին: Երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի (նոյեմբերի 25-ին), իսկ Ուելսը կխաղա Իրանի հետ (նոյեմբերի 25-ին):