Թեհրանը «դրական ազդակներ» է ստացել Բաքվից. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ երկիրը երկկողմ բանակցությունների ընթացքում «դրական ազդակներ» է ստացել Ադրբեջանից։ Այս մասին գրում է «Մեհր» գործակալությունը:
Մեկնաբանելով Իրանի և Ադրբեջանի միջև վերջին հակասությունները՝ Նասեր Քանանին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Հարևանների, մասնավորապես Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերություններում մեր սկզբունքը փոխադարձ հարգանքն է, հարաբերությունների խորացումը և երկկողմ համագործակցությունը»։
Անդրադառնալով այն «դրական ազդակներին», որոնք Իրանը վերջերս ստացել է երկկողմ բանակցությունների շրջանակում ադրբեջանցի պաշտոնյաներից, խոսնակն ասել է.«Հուսով ենք, որ երկկողմ բանակցությունների ընթացքում այս դրական խոսքին համաչափ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»։
«Սակայն առաջանում են հարցեր, որոնք, ցավոք, հակասում են կապերի խթանման ընդհանուր քաղաքական կամքի գործընթացին»,-հավելել է նա։
Մամուլի խոսնակը նաև կոչ է արել ադրբեջանցի պաշտոնյաներին խուսափել թյուրիմացությունների և տարաձայնությունների մասին լրատվամիջոցներով խոսելուց՝ ասելով, որ լրատվամիջոցները պետք է օգտագործել ավելի սերտ բարեկամության համար: