Գերիները, որ վերադառնան մի հարց կտան՝ պարոն Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք. Անհետ կորածի հայր
ՏեսանյութերԱնհետ կորած է համարվում, բայց իմ ստացած տեղեկություններով գերի է, որովհետեւ տեսնող է եղել, որ ադրբեջանցիները գերի են տարել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ նշեց անհետ կորածի հայր Վլադիմիր Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք Շուշի քաղաքից են:
Նա պատմեց, որ որդին որպես մոբ Հադրութում է եղել. «Վիրավոր ընկած է եղել, ընկերների մի մասը անգամ կարծել են, որ զոհված է, բայց հետո տեսնող է եղել: Որդուս հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 15-ին: Զանգել, ասել է, որ իրենց տանում են մի տեղ, որտեղից ոչ մի կապ չի լինելու, չանգեք: Ու վերջ, էլ կապ չենք ունեցել: Հաջորդ օրը մտել են մարտի մեջ ու էդ օյինը բերել մեր գլխին: Մենք պահանջում են բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ: Այսօր Ալիեւը ցինիկորեն հայտարարում է, որ գերի չունեմ, որովհետեւ երեխաների գլխին սարքում են, դատական գործեր են սարքում, որ նրանք գերիներ չեն հանցագործներ են: Բայց բոլորն էլ գիտեն Ադրբեջանի այդ տակտիկան»:
Անհետ կորածի հայրը նշեց, որ գոհ չեն գերիներին վերադարձնելու գործում իշխանությունների քայլերից. «Իշխանությունների անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում: Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա: Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, դեռ ոչ մի լուր չկա: Կարմիր Խաչը առայժմ անզոր է որեւէ բան անելու: Իշխանությունների հետ միջգերատեսչական հանձնախումբն են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից է աշխատելու: Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ համապատասխանաբար, իրենցից ցածր կառույցների վրա»:
Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավել մնան գերության մեջ, անհետ կորածի հայրն ասաց. «Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է: Ես ինքս եղել եմ գերի: 1990-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարին Տակ գյուղից ինձ վերցրել էին, մի 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը մեկ տարի է: Հիմա երեխաները կներեն, թե չեն ների... եթե նրանք գան էլ, նրանց համար այլեւս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի: Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»: