Խաղաղության համաձայնագիրը Արևմուտքի համար Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է. Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Մեր քաղաքական ուժը դեմ է եղել, այսպես ասած, խաղաղության պայմանագրին, որովհետեւ միջազգային իրավունքում գործում են այն համաձայնագրերը, որոնք ընդունելի են երկու կողմերի համար: Այս մասին տված հարցազրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Քանի որ Ադրբեջանը առաջնորդվում եւ հանդես է գալիս ագրեսորի դիրքից, երբեւիցե չի կարելի այս պայմաններում նրա հետ որեւէ փաստաթուղթ ստորագրել, այն էլ երկարաժամկետ խաղաղության կամ հաշտության պայմանագիր: Խաղաղությունը թղթով չի սահմանվում, այն պարտադրվում է: Մյուս կողմից միջազգային հարաբերություններում հավերժ խաղաղություն չի կարող լինել, այդպիսին չի գործում:
Մենք փորձում ենք հաշտության համաձայնագիր ստորագրել մի պետության հետ, որը չի վերադարձնում մեր գերիներին: Շանտաժի դիրքերից է Ալիեւը խոսում եւ նրա ագրեսորի հայտարարությունները պետք է անհանգստացնեն մեր իշխանություններին եւ նրանք չմուրան այդ խաղաղությունը, չշտապեին դա մինչեւ Նոր տարի ստորագրել»,-ասաց նա:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական եւ արեւմտյան տարբերակներին, Թարվերդյանն ասաց. «Մեր ապիկար իշխանությունները հերթական անգամ հակասում են իրենք իրենց՝ հայտնելով, որ չկա որեւէ տարբերակ: Եթե չկա որեւէ տարբերակ, ինչու էիք բանակցություններ իրականացնում Ռուսաստանի կամ ԵՄ ներկայացուցիչների հետ: Եթե պետության անունից բանակցություններ են վարում ու ոչ մի արդյունքի չեն հասնում, առնվազն վարչապետը պետք է հեռացնի թե ԱԳ նախարարին, թե ԱԳՆ ամբողջ անձնակազմին, եթե նրանք հայտարարում են, որ ոչ մի տարբերակ չկա սեղանին դրված:
Մեր իշխանությունները տարօրինակ վարքագիծ են դրսեւորում. մի օր ողջունում են ամերիկյան ներկայացուցիչների հայտարարությունները, մի օր ողջագուրվում են եվրոպական գործիչների հետ, մի օր Ռուսաստանին են ցանկանում հաճոյանալ՝ հայտարարելով, որ իրենք պրոռուսական են: Եղբայր, ի՞նչ պրոռուսական, դու պետք է պրոհայկական լինես: Միավեկտոր քաղաքականությունը վտանգավոր է հայության համար»:
Ինչ վերաբերում է նրան, որ օրերս ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել պահպանել բանակցությունների տեմպը, Երվանդ Թարվերդյանը նշեց. «Երեւի թե ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով հաստատել էին, որ մինչեւ տարվա վերջ լինելու է խաղաղության համաձայնագիր: Խաղաղության համաձայնագիրը Արեւմուտքի համար Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է, նրանք հաջորդ քայլին պետք է պնդեին թեկուզ Ադրբեջանի միջոցով, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, նաեւ տարածաշրջանից: Նրանք կասեն՝ եթե ունեք խաղաղության համաձայնագիր, ինչի՞ է պետք ռուսական ռազմաբազան: Այստեղ է, որ Հայաստանի իշխանությունը պետք է գիտակցի մեր շահը: Մենք պետք է վարենք շատ գրագետ արտաքին դիվանագիտություն, պետք է գիտակցենք, որ այսօր այս տարածաշրջանում ճիշտ կարգավորումով հետաքրքրված են նաեւ Չինաստանն ու Հնդկաստանը: Հայաստանն ավելի շատ պետք է մտածի անվտանգության, այլ ոչ թե այդ դեկլարատիվ փաստաթղթի մասին»:
Թարվերդյանը համոզմունք հայտնեց, որ ավելի լավ կլիներ, որ Հայաստանն ավելի լուրջ քննարկումներ իրականացներ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը նրանց ներգրավելու առումով. «ՀՀ իշխանություններն այսօր պարտավոր են ստեղծել այդ կոմունիկացիաները: Մենք տեսնում ենք, որ Իրանի պատրաստակամությունը Հյուսիս-Հարավի կառուցման գործում: Նրանց՝ այս կոմունիկացիայից օգտվելու իրավունքը մեզ հնարավորություն է տալիս մեր դաշնակցային հարաբերություններն Իրանի հետ ավելի լավացնել»:
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. «Ֆրանսիայի Սենատի բանաձեւը ունի քաղաքական բնույթ: Ֆևրանսիան դրանով հաստատեց իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նրա հետաքրքրվածությունը տարածաշրջանում ընթացող գործընթացներին: Շատ փոքր արդյունք կլինի Ֆրանսիայի կառավարության կողմից պատժամիջոցների կիրառումից: Շատ չեմ ակնկալում, որ Ֆրանսիան շատ արագ կկիրառի այդ պատժամիջոցները: Չեմ կարծում, թե դա լինելու է շատ մեծ կամ ողբերգական Ադրբեջանի համար: ՍակայնՖրանսիայի կողմից այս իրավիճակի գնահատականը կարող է նոր սկիզբ լինել ԵՄ-ի, նաեւ ԱՄՆ-ի կողմից նրանց կողմից Ադրբեջանի ագրեսիայի կասեցման այս ձեւի կիրառման առումով: Չի բացառվում, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն տեղից շարժվի եւ կոշտ արձագանքի Ադրբեջանի ագրեսիային: Մենք տեսնում ենք, թե Արեւմուտքն ինչպիսի պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ադրբեջանի պարագայում զուտ հայտարարությունների մակարդակով է անդրադառնում Ադրբեջանի ագրեսիային»: