Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները․ Հետք
ՏեսանյութերՏրակտորն անցնում է խաղողի այգու վազերի վրայով՝ անիվների տակ թողնելով երիտասարդ շիվերը: Տղամարդկանց մի խումբ արագ-արագ այգու մետաղական լարերն է հավաքում, մյուսներն օգնում են, որ տրակտորը բետոնե հենասյուները հողից դուրս բերի:
Նարեկ Փոլադյանը փոքր տրակտոր ունի և վճարովի հիմունքներով ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզի Հացիկ և հարևան գյուղերի հողագործներին: Խաղողի բերքահավաքից հետո Նարեկի հիմնական զբաղմունքը դարձել է խաղողի այգիների քանդումը: Արդեն չի հիշում, թե քանի հեկտար այգի է քանդել ու քանիսն են հերթի մեջ սպասում: Ժամանակ չի ունենում, որ իր մեկ հեկտար այգին էլ քանդի:
Արդեն 15 օր է՝ գյուղացիները մեծ թափով սկսել են քանդման աշխատանքները: Նարեկն ասում է, որ այգին քանդելուց հետո մտածում է պտղատու ծառերի այգի հիմնելու կամ հողն օգտագործելու՝ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու համար: Հույս ունի, որ գոնե լոլիկը, վարունգը կիլոգրամով կկարողանա վաճառել, ինչը տեխնիկական սորտի խաղողի դեպքում հնարավոր չէ:
Խաղողի մթերման պայմանագրերը խզվել են. վերավաճառողները հայտնվել են տնտեսվարողի ու մթերողի արանքում
Նարեկը պատմեց, որ այգի քանդելը ևս ծախսատար է, և շատերը, գումար չունենալու պատճառով, չեն քանդում: Նշում է, որ 1 հեկտար խաղողի այգին քանդելու և տարածքը վարելահող դարձնելու համար առնվազն 500-600 հազար դրամ գումար է անհրաժեշտ:
Դիզելային վառելիքը թանկացել է, բանվորական ուժը՝ նույնպես: Մոտ երկու շաբաթ է անհրաժեշտ 1 հեկտար այգին քանդելու համար: Իսկ բանվորի օրավարձը 10 հազար դրամ է:
«Ավելի լավ ա խաղողի այգի չմշակես, քան 80 դրամով խաղող հանձնես: Ժողովուրդը մեղք չե՞ն, բոլորը վարկերի ու տոկոսների տակ են: Ես էլ 5 մլն դրամ վարկ ունեմ, այգու հույսով էի վերցրել, բայց այգին մինուսով է աշխատում, ո՞նց փակեմ վարկը»,- ասում է Նարեկը:
Առավել մանրամասն