Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու շրջանում. Արցախի ԱԻՊԾ
Նոյեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումները շարունակել են ուժեղացված ռեժիմով ծառայությունը, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Անցած շաբաթվա ընթացքում հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 93 հաղորդում, որից 66-ը հանցագործության մասին է, դրանցից 62-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Բացահայտվել է խարդախության, հափշտակության, խուլիգանության և բնակարանային գողության մեկական դեպքեր, անձնական ունեցվածքի գողության 2 դեպք, ինչպես նաև վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 12 դեպքից 10-ը: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 2 դեպք:
Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում բացահայտվել է ապօրինի ծառահատման 2 դեպք:
Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 11 դեպք:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 5 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու շրջանում (Ամարասի հովիտ, Ավդուռ և Մաճկալաշեն գյուղերի վարչական տարածք):
Նոյեմբերի 16-ին, 18-ին և 19-ին դաշտավայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Տեղեկությունները տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուներին:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 10-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի:
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 53 դեպք, 27 վարորդ եղել է անսթափ վիճակում, 262-ը գերազանցել են սահմանված արագությունը: