Արագ Կառավարություն ձեւավորելու Նեթանյահուի ջանքերը ձախողվել են
Իսրայելի վարչապետի թեկնածու Բենիամին Նեթանյահուի՝ արագ կառավարություն ձեւավորելու ջանքերը ձախողվել են կիրակի օրը, երբ կոալիցիոն ծայրահեղ աջակողմյան գործընկերը պահանջել է պաշտպանության նախարարի պաշտոնը, հայտնում է Reuters-ը։
Նոյեմբերի 1-ի ընտրություններում աջերի հստակ հաղթանակը, որը վերջ է դրել գրեթե չորս տարվա քաղաքական փակուղուն, պահպանողական Լիկուդում ակնկալիքներ է առաջացրել համախոհ կրոնա-ազգայնական կուսակցությունների հետ վաղաժամ դաշինք կազմելու վերաբերյալ։
Սակայն տարաձայնություններ են առաջացել «Լիկուդ»-ի եւ «Կրոնական սիոնիզմ» հզոր կուսակցության միջեւ, որի առաջնորդները դեմ են պաղեստինյան պետության ստեղծմանը եւ ցանկանում են գրավյալ Արեւմտյան ափը, ինչն ուղղակիորեն հակասում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը:
Կրոնական սիոնիստ օրենսդիրները պահանջում են պաշտպանության նախարար նշանակել կուսակցության առաջնորդ Բեզալել Սմոտրիչին՝ ազդելու Արեւմտյան ափի քաղաքականության վրա, որի կեսից ավելին գտնվում է Իսրայելի ռազմական վերահսկողության տակ, եւ որը պաղեստինցիները ցանկանում են վերադարձնել:
«Սմոտրիչի հարցում դեռեւս թյուրըմբռնումներ ու տարաձայնություններ կային։ Հուսով եմ, որ դա շուտով կլուծվի»,- Kan Radio-ին ասել է «Լիկուդ»-ի պատգամավոր Միկի Զոհարը՝ հավելելով, որ պաշտպանությունը «Լիկուդ»-ի «ամենակարեւոր պաշտոնն է»:
Կրոնական սիոնիստների պատգամավոր Օրիտ Սթրոկն ասել է, որ իր կուսակցությունը պատրաստ նույնիսկ ֆինանսների նախարարի աթոռին, սակայն չի ընդունի որեւէ պաշտոն, որը կխանգարի իրեն «իրական ազդեցություն» ունենալ Արեւմտյան ափում բնակավայրերի զարգացման վրա:
«Նա (Նեթանյահուն) մեզ վերաբերվում է ոչ թե որպես գործընկերների, այլ որպես լրացուցիչ ուղեբեռի», - ասել է Սթրոկը:
Նույնիսկ ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնը խնդիրներ կստեղծի Նեթանյահուի համար, ով ընտրություններից առաջ ասում էր, որ «Լիկուդը» կպահպանի երեք խոշոր աթոռները՝ պաշտպանության, ֆինանսների եւ արտաքին հարաբերությունների ոլորտներում։
Որ պաշտոններն էլ, որ ստանձնեն կրոնական սինոնիստները, թվում է, թե սա կլինի ամենաաջակողմյան կառավարությունը Իսրայելի պատմության մեջ՝ ստիպելով Նեթանյահուին դիվանագիտական հավասարակշռություն փնտրել իր կոալիցիայի եւ արեւմտյան դաշնակիցների միջեւ: