Մեկնարկել է Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը (ուղիղ)
ԳլխավորԿատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։
Մրցաշարի բացման խաղում կհանդիպեն Կատարի և Էկվադորի հավաքականները։
Ֆուտբոլի Աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։ Այս երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի Աշխարհի առաջնությունը։
Բացի այդ, Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Մերձավոր Արևելքում, ինչպես նաև առաջին անգամ աշնանն ու ձմռանը։
Սա կլինի արաբական աշխարհում երբևէ անցկացված առաջին Աշխարհի առաջնությունը և առաջինը մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում, ինչպես նաև երկրորդ ԱԱ-ն, որը կանցկացվի Ասիայում՝ 2002 թվականին Հարավային Կորեայում և Ճապոնիայում կայացած մրցաշարից հետո: Բացի այդ, սա ՖԻՖԱ-ի վերջին Աշխարհի առաջնությունն է, որի եզրափակիչ փուլին մասնակցում է 32 թիմ:
Խաղերը կկայանան 8 ստադիոններում։ Օրինակ՝ դրանցից մեկն աշխարհում առաջին մարզադաշտն է, որն ամբողջությամբ կառուցվել է բեռնարկղերից: Բոլոր մարզադաշտերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ամենատարբեր տվյալների համաձայն՝ Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունը կդառնա ամենաթանկարժեքը մինչ այս եղածների մեջ։ Դեռ մեկ տարի առաջ մարզադաշտերի, մետրոյի, օդանավակայանների, նոր քաղաքի և նավահանգստի կառուցման ծախսերը գերազանցել էին 200 միլիարդ դոլարը։ Դեռ 2017 թվականին պարզ էր դարձել, որ Կատարը շաբաթական 500 միլիոն դոլար է ծախսելու մրցաշարի նախապատրաստության վրա։ Այս մասին հայտարարել էր երկրի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ էլ-Էմադին։ Օրինակի համար նշենք, որ Ռուսաստանը 2018-ի Աշխարհի առաջնության անցկացման վրա ծախսել էր 18 անգամ ավելի քիչ գումար։ Իսկ մրցաշարի շնորհիվ վաստակել ավելի քան 850 միլիարդ ռուբլի։