Վրաստանի քրեակատարողական ծառայությունը հերքել է Սաակաշվիլիի թունավորման մասին փաստաբանի հայտարարությունը
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը հերքել է կալանքի տակ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թունավորման մասին փաստաբանի հայտարարությունը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Այն, որ Սահակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառը թունավորումն է, նախօրեին հայտարարել էր նրա փաստաբան Վալերի Գելբախիանին։ Նրա խոսքով՝ արտասահմանյան փորձաքննության արդյունքները հաստատել են նախկին նախագահի օրգանիզմում թունավոր նյութերի առկայությունը։ Փաստաբանը խոստացել է հաջորդ շաբաթվա սկզբին մանրամասներ հրապարակել։
«Դատապարտյալ Սաակաշվիլին հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է գտնվում, ձեռնարկվում են համապատասխան բժշկական միջոցառումներ։ Ապատեղեկատվությունից խուսափելու համար հորդորում ենք բոլորին զերծ մնալ չճշտված եւ չհիմնավորված տեղեկությունների տարածումից»,- ասված է քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունում:
Գործակալությունը նշել է, որ ոչ ոք Սաակաշվիլիի թունավորման վերաբերյալ պնդումներն ապացուցող պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել։
Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, պնդում է, որ նրա օրգանիզմում հայտնաբերվել է ծանր մետաղների հավելյալ պարունակություն՝ սնդիկ, բարիում, թալիում։ Երրորդ նախագահի հայրը՝ Նիկոլոզ Սահակաշվիլին, վերջերս Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին կոչ է արել մասնակցել նոյեմբերի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցին՝ նրան բուժման համար արտերկիր տեղափոխելու պահանջով։