Ավելի քան 1000 հնագույն արտեֆակտներ են հայտնաբերվել Չինաստանում Դաոսի լեռան վրա
Չինաստանում հնագետները Ուդան լեռան վրա գտնվող հնագույն պալատում հետազոտություններ կատարելիս հայտնաբերել են ավելի քան հազար արտեֆակտ, որոնց թվում կան առասպելական վիշապներ պատկերող զարմանալի բարելիեֆներ: Այս տարածքը համարվում է չինական դաոսիզմի զարգացման կարեւոր կենտրոններից մեկը։
«Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հայտնագործությունը կատարվել է Դաոսի լեռան վրա գտնվող պալատում։ Այդպես են անվանում Ուդան լեռը, որը հայտնի է իր բազմաթիվ դաոսական տաճարներով: Այն գտնվում է կենտրոնական Չինաստանի Հուբեյ նահանգում։
Ավելի քան 1000 արտեֆակտ է հնագետների կողմից հայտնաբերվել Ուլուն պալատում, որը նաեւ հայտնի է որպես «Հինգ վիշապի պալատ»: Դա եղել է դաոսական տաճար, որը Տանգ դինաստիայի օրոք (մ.թ. 618 - 907 թթ.) կառուցվել է թագավորի հրամանով: Համարվում է, որ այն դարերով ակտիվորեն օգտագործվել է, սակայն աստիճանաբար քայքայվել է Ցին դինաստիայի ավարտից հետո (մ.թ. 1644 -1911 թթ.):
Բացահայտումն արել է Հուբեյի նահանգային մշակութային մասունքների եւ հնագիտության ինստիտուտի առաքելությունը։ Այս հաստատության փորձագետներն արդեն պարզել են, որ հայտնաբերված ամենավաղ արտեֆակտները վերաբերում են Հան դինաստիային (մ.թ.ա. 202 - մ.թ. 220 թթ.): Այդ ժամանակաշրջանի հավաքածուն ներառում է բազմաթիվ կավե իրեր, կենցաղային իրեր, ինչպիսիք են մոմակալները եւ մազակալները, ինչպես նաեւ մի քանի կրոնական առարկաներ:
Սակայն, ինչպես հայտնել է պեղումների ղեկավար Կան Յուհուն, ամենահետաքրքիր հայտնագործությունները եղել են հինգ վիշապներ պատկերող մի քանի քանդակները, առասպելական Սյուանվու կրիան, կրակի նախշերը եւ նեֆրիտի ճագարը: