Բայդենի սիրելի թոռնուհի Նաոմին ամուսնանում է․ CNN
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Սպիտակ տանը շքեղ ու մամուլի համար փակ արարողության ժամանակ կամուսնացնի իր սիրելի թոռնուհի Նաոմիին։
Սա տասնիններորդ հարսանիքն է ամերիկացի առաջնորդների նստավայրում, որոնք նման տոնակատարությունների համար իրենց գրպանից են վճարում:
CNN-ի փոխանցմամբ՝ 28-ամյա Նաոմի Բայդենի եւ 25-ամյա Փիթեր Նիլի հարսանիքը բաղկացած է երեք մասից։ Նախ՝ հարսանիք Սպիտակ տան հարավային մարգագետնում, բաց երկնքի տակ, ապա՝ խնջույք հարազատների եւ ամենամտերիմ ընկերների նեղ շրջանակում: Երեկոյան նախատեսվում է ընդունելություն ընդլայնված կազմով՝ «աղանդերով եւ պարով»։
Մամուլին թույլ չեն տվել ներկա գտնվել արարողությանը` դա բացատրելով երիտասարդների ցանկությամբ եւ խոստանալով օրվա ընթացքում լուսանկարներ տարածել։ Տոնակատարությունների կազմակերպմամբ, ինչպես հայտնի է դարձել CNN-ին, զբաղվում է մի ընկերություն, որի գները սկսվում են 300 000 դոլարից։
Հարսն ու փեսան իրավաբաններ են Վաշինգտոնում եւ, ըստ լրատվամիջոցների, օգոստոսից ապրում են Սպիտակ տանը։ CNN-ը պնդում է, որ Հանթեր Բայդենի դուստր Նաոմին զգալի դեր է խաղացել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պապիկին համոզելու հարցում։ Փեսայի մասին հայտնի է, որ նա ծնունդով Վայոմինգի Ջեքսոն Հոլ քաղաքից է եւ երիտասարդ տարիներին դահուկավազքի մրցանակներ է ստացել։