Չինաստանի նախագահը հույս է հայտնել, որ Պեկինն ու Վաշինգտոնը երկկողմ հարաբերությունները առողջ հուն կվերադարձնեն
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը կամրապնդեն փոխըմբռնումը և համատեղ ջանքերով կնպաստեն երկկողմ հարաբերությունները առողջ և կայուն հուն վերադարձնելուն: Այս մասին նա հայտարարել է Բանգկոկում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հանդիպման ժամանակ։
«Հուսով եմ, որ տիկին փոխնախագահը կառուցողական դեր կխաղա այս հարցում»,- ասել է Սին:
Չինաստանի ղեկավարը նաև «կառուցողական» է որակել Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը: «Այն ռազմավարական և կառուցողական բնույթ էր կրում և կարևոր նշանակություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլի համար»,- նշել է Սի Ծինփինը:
Բալիում երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պայմանավորվել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցի մասին:
ԱՄՆ փոխնախագահը, իր հերթին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է կապի խողովակները բաց պահպանեն, որպեսզի պատասխանատու կերպով կառավարեն երկու երկրների միջև մրցակցությունը։