Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջին անգամ աշխարհին ցույց է տվել իր դստերը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, արձակել են Հվասոն-17 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Արձակումը ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը, փոխանցում է «Shantnews»-ը։
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը Կիմ Չեն Ինը միայնակ չէր, այլ կնոջ և դստեր հետ: Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցներն առաջին անգամ ցուցադրում են ԿԺԴՀ-ի առաջնորդի ընտանիքի անդամներին, որոնց անձնական կյանքը ավանդաբար պատված է առեղծվածով։
Փորձագետները նշում են, որ դստեր լուսանկարները հրապարակելը ցույց է տալիս ԿԺԴՀ առաջնորդի նկրտումները, ով հույս ունի ապագայում իշխանությունը փոխանցել Կիմերի չորրորդ սերնդին։
Հարավային Կորեայի հետախուզությունն ավելի վաղ հայտնել էր, որ Կիմն իբր երեք երեխա ունի՝ երկու դուստր և մեկ որդի։ Դրանցից ոչ մեկը նախկինում հանրության առջև չի հայտնվել։
TsTAK պետական գործակալությունը չի նշել Կիմի դստեր անունը՝ գրելով միայն, որ նա Կիմի սիրելի դուստրն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա անունը Քիմ Ջու Էյ է։ Աղջիկը մոտ 12 տարեկան է, լուսանկարներում նա քայլում է իր հոր հետ, մինչ նա ստուգում է հրթիռը և ժպտում:
Հարավային Կորեայի Սեջոնգի ինստիտուտի Հյուսիսային Կորեայի ուսումնասիրությունների կենտրոնից Չեն Սուն Չանը կարծում է, որ այժմ՝ հանրային ներկայացումից հետո, հյուսիսկորեացի «արքայադուստրը», ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել պետական գործերին։
Փորձագետը հիշեցրել է, որ Կիմ Չեն Ինի հայրն ընտրել է նրան որպես իր իրավահաջորդ՝ չնայած մեծ երեխաների առկայությանը, քանի որ կարծում էր՝ իր որդին ամենից շատ իրեն է նման։
«Հավանաբար Կիմ Չեն Ինը ցանկանում է նույնն անել իր երկրորդ դստեր հետ: Գուցե նա կարծում է, որ դուստրն ունի հատկություններ, որոնք, ըստ Կիմի, իրեն են նման», – ավելացրել է Չեն Սուն Չանը:
Նա կարծում է, որ եթե դուստրը շարունակի ուղեկցել հորը կարևոր իրադարձությունների ժամանակ, սա վստահելի նշան է, որ ենթադրությունները ճիշտ են, գրում է BBC-ին։