ԱՄՆ-ում դեռահասին 1 տարի փակի տակ են պահել․ ոստիկանները փրկել են աղջկան
ԱՄՆ-ում ձերբակալել են մի տղամարդու և երկու կնոջ, որոնք մեկ տարով ննջասենյակում փակել են դեռահաս աղջկան։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է KVVU-TV-ն։
Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 4-ի կեսօրին զանգով ժամանել է քաղաքի հյուսիսային հատված: Զանգահարողը հայտնել է տներից մեկի մոտ ինչ-որ կասկածելի ակտիվության մասին։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են մի աղջկա, որը փորձել է բարձրանալ սեփական տան երկրորդ հարկ տանող սանդուղքով։
Ականատեսները պատմել են, որ մինչ այդ նա մտել է հարևան տան բակ և խնդրել է իրեն ինչ-որ ուտելիք և ջուր տալ։ Պարզվել է, որ մինչ դեռահաս աղջկան պատահաբար փրկել են ոստիկանները, նրան հաջողվել է երկրորդ հարկից դուրս գալ։
«Աղջիկը հայտնել է, որ ծնողները նրան փակել են սենյակում, հազվադեպ են կերակրել և թույլ չեն տվել օգտվել լոգարանից»,- ասվում է պաշտոնական զեկույցում:
Ոստիկանները կապ են հաստատել տուժածի մոր հետ և հետաքրքրվել, թե ինչու են երեխային փակի տակ պահել։ Կինը խուսափել է պատասխանից և հայտարարել, որ չի ցանկանում, որ ոստիկանությունը տուն մտնի մինչև իր վերադարձը:
Սենյակում, որտեղ ապրում էր աղջիկը, իրավապահները հայտնաբերել են սավանով ծածկված մահճակալի զսպանակներով տուփ, որը որպես մահճակալ է ծառայել, և մի դույլ կղանքով։ Բացի այդ, պարզվել է, որ նույն սենյակում բնակվել է 13-ամյա մի տղա։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ դեռահաս աղջիկը նման պայմաններում է եղել առնվազն մեկ տարի։
Արդյունքում ձերբակալվել են աղջկա մայրը՝ Էդդի Գոնսալեսը, Մարիա Պասարանը, որը պարզվել է, որ տուժածի տատն է, և Դանիել Օմեսկուա անունով մի տղամարդ: Նրանց մեղադրել են ազատությունից ապօրինի զրկելու և երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Այս գործով առաջին դատական նիստը պետք է կայանա նոյեմբերի 21-ին։