«Ժողովուրդ». «Կալանք տվող» դատավորներից ոմանք՝ պահեստային դատավորներ. դատարանը փակելու հետքերով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կալանք տվող» դատավորներից ոմանք պահեստային դատավորներ կլինեն. դատարանը փակելու հետքերով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսպես ասած «կալանք տվող» դատավորներից ոմանց «տուն ուղարկելու» փոխարեն կպահեն որպես պահեստային դատավորներ:
Դատական համակարգում ակտիվ շարունակվում է «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացը, եւ դատական համակարգում նշել են, որ կան դատավորներ, որոնց կարելի է տուն չուղարկել, այլ պահել որպես պահեստային դատավորներ, որպեսզի եթե որեւէ գործով դատավոր փոխվի, պահեստային դատավորով փոխարինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը եւ եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձեւավորված դատարանը: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, եւ օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները:
ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում:
«Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին:
Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում