Ֆինանսների ու ՏԿԵ փոխնախարարները կգործուղվեն Վիեննա, Լոնդոն եւ Սոչի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարի տեղակալներին, նախարարության մեկ այլ պաշտոնյայի ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարին Վիեննա, Լոնդոն ու Սոչի գործուղելու մասին որոշումներ է ստորագրել։
Մասնավորապես, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը կգործուղվի Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Ֆինանսական եւ կայունության հաշվետվողականություն՝ հանուն պարտքի թափանցիկության եւ կայուն վերականգնման» խորագրով 2022 թվականի նախարարական համաժողովին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը եւ նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը դեկտեմբերի 6-9-ը կգործուղվեն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «Clearstream Banking Luxembourg» արժեթղթերի միջազգային պահառուի աջակցությամբ կազմակերպվող մի շարք աշխատանքային քննարկումների մասնակցելու նպատակով:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նոյեմբերի 21-23-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: