Շվեդիան հաստատել է «Հյուսիսային հոսք» գազատարներում դիվերսիայի իրականացման փաստը
«Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում սեպտեմբերին տեղի ունեցած պայթյունները դիվերսիա են։ Սա հաստատել է Շվեդիայի դատախազությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ի հրապարակումից։
Նախաքննությունը ղեկավարող դատախազ Մացա Յունգքվիստը հայտնել է, որ միջադեպը «կոպիտ դիվերսիա է»: Նա հավելել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկների հետքեր, սակայն կասկածյալներին հայտնաբերելու համար նախաքննությունը դեռ կշարունակվի:
Շվեդիայի դատախազությունը հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ:
Իր հերթին Եվրահանձնաժողովը հայտնել է, որ տեղեկացված է Շվեդիայի դատախազության զեկույցի մասին, սակայն հրաժարվում է մեկնաբանություններ տալ, քանի որ չի հանդիսանում նախաքննության կողմ:
Բալթիկ ծովով Ռուսաստանը Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք» գազատարներում վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որի հետևանքով երեք տեղում միաժամանակ արտահոսք է եղել: Բոլոր վթարները տեղի են ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում: Վթարի պահին «Հյուսիսային հոսք-2» գազատարը գործարկված չէր: Փետրվարի 22-ին Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու պատճառով Գերմանիան դադարեցրել էր դրա գործարկման գործընթացը: Իսկ «Հյուսիսային հոսք-1»-ն աշխատում էր իր հզորության 20 %-ով: