ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները պահանջել են աուդիտ անցկացնել Ուկրաինային տրամադրված «յուրաքանչյուր դոլարի նկատմամբ»
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ հանրապետականներ օրինագիծ են ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմում Կիևին տրամադրված օգնության աուդիտ անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին ասված է հանրապետական Թեյլոր Գրինի (նա Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Ուկրաինային «գեթ մի կոպեկ» չտալ ) թվիթերյան միկրոբլոգում, գրում է Forbes-ը:
Նրանից բացի օրինագծին կողմ են արտահայտվել նրա կուսակիցներից 10-ը։ Նրանք պաշտպանության նախարարությունից և պետքարտուղարից խնդրել են փաստաթղթեր հունվարի 20-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Կիևին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
«Կարծում եմ, որ ամերիկացի ժողովուրդը և այս երկրի հարկատուները արժանի են իմանալու, թե ինչու են Բայդենի վարչակազմը և այս Կոնգրեսը այդքան շահագրգռված ֆինանսավորել Ուկրաինայի սահմանային անվտանգությունը, այլ ոչ թե մեր սահմանային անվտանգությունը», - ասել է նա:
Հանրապետականը նշել է, որ պահանջելու է «աուդիտ սկսել ամերիկացի հարկատուների՝ այս կամ այն ձևով Ուկրաինա փոխանցված յուրաքանչյուր դոլարի նկատմամբ»։
Նոյեմբերի 15-ին Բայդենի վարչակազմը Կոնգրեսից խնդրել է Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցներ տրամադրել 37,7 միլիարդ դոլարի չափով։ Հայտնի է, որ ընթացիկ տարում Կոնգրեսն Ուկրաինային ընդհանուր առմամբ հատկացրել է ավելի քան 65 միլիարդ դոլար։