Ականջակալներում չափից ավելի բարձր երաժշտության պատճառով 1,35 մլրդ մարդ կարող է կորցնել լսողությունը. հետազոտություն
ԱՄՆ-ի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի գիտնականների խումբը պարզել է, որ ականջակալներում եւ համերգների ժամանակ չափից ավելի բարձր երաժշտության պատճառով աշխարհում 1,35 մլրդ երիտասարդ կարող է կորցնել լսողությունը։ Հետազոտողները վերջին 20 տարում ուսումնասիրել են թեմայի վերաբերյալ ավելի քան 30 գիտական աշխատանք։
Երաժշտություն լսելն անվտանգ չի համարվում, եթե դրա բարձրությունը նվագարկիչի թուլատրելի առավելագույնի 60 տոկոսից բարձր է։ Իսկ համերգների այցելելն առանց ականջախցանների գիտնականներն ամեն դեպքում անվանում են վտանգավոր լսողության համար։
Գիտնականների ուսումնասիրած հետազոտություններին ընդհանուր ատմամբ մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Պարզվել է, որ դեպքերի 24 տոկոսում ականջակալներով երաժշտություն լսելը կարելի է համարել վտանգավոր։ Համերգների պարագայում այդ ցուցանիշը հասնում է 50 տոկոսի։
Գիտնականները նաեւ պարզել են, որ բարձր երաժշտություն լսելը կապված է «լսելիության շեմերի փոփոխությունների» հետ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ վնասվում են մարդկանց սենսորային բջիջները, իսկ դրանց վերականգնման համար տարիներ են պահանջվում։
Հետազոտողների գնահատականներով՝ 670 մլն-ից 1,35 մլրդ երիտասարդ կարող է կորցնել լսողությունը երաժշտությունը վտանգավոր ձեւով լսելու պատճառով։ «Դա աստիճանական պրոցես է, ուստի խնդիրը դժվար է միանգամից հայտնաբերել։ Դուք կարող եք ենթարկվել լսողության անշրջելի կորստի երկար ժամանակի ընթացքում»,- նշել են աշխատանքի հեղինակները։