Լարված վիճակ. Պեմզաշենում սպանված քաղաքացիների հարազատներն ուզում էին այրել մարդասպանի տունը
Mediahub.am-ը գրում է.
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում լարված վիճակ է։ Ուղիղ մեկ շաբաթ է անցել 31-ամյա մոր և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանության դեպքից։ Այս պահին գյուղի բնակիչները հավաքվել են Վրույր Բարսեղյանի տան մոտ և ցանկանում են այրել այն։ Նրանք նշում են, որ քանի դեռ չեն հասել իրենց նպատակին, չեն հեռանալու։
MediaHub.am-ի հետ զրույցում համայնքի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը հայտնեց, որ այս պահին Պեմզաշենում վիճակը հանդարտվել է։
Նա նշեց, որ այս պահին Վրույր Բարսեղյանի տան մոտ որևէ մարդ չկա, բնակիչները հանդարտվել են։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ սպանվածների հարազատները գնացել էին վրեժխնդիր լինելու Բարսեղյանի ընտանիքից, սակայն ոստիկանները միջամտել էին և գյուղից հեռացրել նրա ընտանիքին։ Նշենք, որ նա ունի երեք երեխաներ։ Այս պահին էլ ոստիկանությունը տան մոտ 24-ժամյա ծառայություն է իրականացնում, որպեսզի վենդետտա չլինի։