Պլանի գլխում Ագրարային համալսարան ենք սարքել, երեկոյան կոշիկներով դասի են գնում. այ սա է պրոբլեմը. Փաշինյան
Այն, որ մենք կարող ենք Պլանի գլխի վրա գյուղատնտեսական ակադեմիա ունենալ, դա ամենամեծ կոնցեպտուալ սխալն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ագրարային համալսարանը ոչ թե պետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի: մենք Երեւանի կենտրոնում բուհեր ունենք, դրա համար էլ մեր ուսանողությունը երեկոյան կոշիկներով է գնում դասի, գալիս: Այդ ամենը պետք է փոխվի:
Պետք է նոր բուհեր ստեղծենք, որոնք իրենց մեջ ներառեն նաեւ գիտահետազոտական ինստիտուտները, որպեսզի գիտնական, ուսանող, դասախոս, լաբորատորիա, փորձարարություն կապն աշխատի: Առանց դրա չի կարող զարգացում ու նորմալ կրթություն լինել»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այսօր ինտենսիվ այգիներով զբաղվող ընկերությունները օրական 700 եվրո աշխատավարձով մասնագետ են հրավիրում Իտալիայից. «ինչո՞ւ, որովհետեւ մենք համարել ենք, որ մեր ագրարային համալսարանը պետք է Պլանի գլխում լինի»,- ընդգծեց նա: