Լեհաստանում ընկած հրթիռը, ըստ նախնական տվյալների, արձակվել է Ուկրաինայից. Associated Press
Լեհաստանում ընկած հրթիռը, ըստ նախնական տվյալների, արձակվել է Ուկրաինայից՝ ռուսական հրթիռը խոցելու համար: Այս մասին Associated Press-ին հայտնել է երեք ամերիկացի պաշռտոնյա:
«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ հրթիռը, որն ընկել է Լեհաստանում, ուկրաինական ուժերն արձակել են եկող ռուսական հրթիռի ուղղությամբ»,-ասել են զրուցակիցները։
Նշվում է, որ AP-ի զրուցակիցներ անանունության պայմանով խոսել են այս հարցի շուրջ։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Վարշավան ստույգ տեղեկություն չունի, թե ում հրթիռներն են ընկել երկրի տարածքում։ Այս հայտարարությունը հակասում էր Լեհաստանի ԱԳՆ-ի պնդմանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի տարածքում «ռուսական արտադրության» հրթիռ է ընկել, և այդ կապակցությամբ զանգահարել էր Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին:
Նոյեմբերի 15-ին լեհական լրատվամիջոցները հայտնել են Լեհաստանի տարածքում երկու հրթիռի ենթադրյալ անկման մասին՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյևոդությունում երկու մարդ է զոհվել։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չեն հասցվել, իսկ որոշ բեկորների հրապարակված լուսանկարները կապ չունեն ռուսական զենքի հետ։ «Ռուսական» հրթիռների ենթադրյալ անկման մասին լեհական լրատվամիջոցների բոլոր հայտարարությունները դիտավորյալ սադրանք են՝ իրավիճակը սրելու նպատակով, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ զրույցում ասել է Լեհաստանի տարածքում տեղի ունեցած միջադեպի «բոլոր փաստերը հաստատելու» անհրաժեշտության մասին։ Պենտագոնը նաև կոչ է արել առաջնորդվել միայն փաստերով և հրաժարվել է քննարկել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառելիությունը, որում ասվում է, որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը կդիտվի որպես հարձակում դրանք որպես ամբողջություն: