Գրիգորի Լեպսը հաստատել է, որ ճանաչում է Brothers' Circle հանցավոր կազմակերպության ղեկավարին
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնեց 4 կազմակերպության և 6 անձի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին. վերջիններիս անունը կապվում էր Brothers' Circle հանցավոր կազմակերպության հետ: Այդ մարդկանց ցուցակում էր հայտնվել նաև հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի անունը:
Ռուսական էստրադային երգիչ Գրիգորի Լեպսը հայտարարել է, որ ծանոթ է Brothers' Circle ընկերության ղեկավար Վլադիսլավ Լեոնտևի հետ:
«Շուրջ երեսուն տարի է, ինչ նրան ճանաչում եմ: Նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես ենք ծանոթացել: Սովորական, նորմալ մարդ է որքանով որ ճանաչում եմ: Նա ոչ մի բողոք չունի ո՛չ եվրոպական օրենքներից, ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ռուսականից»: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գրիգորի Լեպսը:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստվում է մանրամասն տեղեկություն ստանալ այն մասին, թե որքանով է Գրիգորի Լեպսն առնչվում հանցավոր խմբին:
«Դա շատ պարզ է: 50 միլիոն մարդ ցանկանում է ինձ հետ լուսանկարվել, չհաշված որքան մարդիկ էլ ուզում են ինձ հետ ընկերություն անել: Ինձ հետ ընկերություն են անում մեծ թվով մարդիկ: Ես իմ ընկերներին չեմ վերաբերվում նրանց կարգավիճակից ելնելով, դա ինձ նույնիսկ հետաքրքիր չէ: Թե ինչով են նրանք զբաղվում, ես կարող եմ իմանալ կամ կասկածել, բայց դա ես չեմ օգտագործում. Դա իմը չէ»,- ավելացրել է երգիչը: