Փարիզն առաջ է անցել Լոնդոնից եւ դարձել Եվրոպայի ամենամեծ ֆոնդային շուկան. Bloomberg
Լոնդոնը Եվրոպայի ամենամեծ ֆոնդային շուկայի տեղը զիջել է Փարիզին, տեղեկացրել է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ այդ բորսաներում առեւտուր անող ընկերությունների բաժնեթղթերի ընդհանուր արժեքը կազմում է 2,823 տրլն դոլար Ֆրանսիայի ֆոնդային շուկայի եւ 2,821 տրլն դոլար՝ Բրիտանիայի ֆոնդային շուկայի համար։
Նշվել է, որ պատճառներից մեկը լյուքս դասի ապրանքների ֆրանսիացի արտադրողների բաժնեթղթերի աճն է, որոնց թվում են LVMH-ն եւ Gucci-ն։ Այդ ընկերությունների բաժնեթղթերն աճում են Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումները հանելուց հետո, ուստի ներդրողները կանխատեսում են նրանց ապրանքների պահանջարկի ավելացում չինացի գնորդների շրջանում։
Նշվում է մեկ այլ պատճառ եւս՝ տարեսկզբից ֆունտ սթեռլինգի փոխարժեքի 13 տոկոս նվազումը դոլարի նկատմամբ, այն դեպքում, երբ եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է միայն 9 տոկոսով։
Անգլիայի բանկի դրամային քաղաքականության կոմիտեի նախկին անդամ Մայքլ Սոնդերսի խոսքով, որը մեջբերել է Bloomberg-ը, մասշտաբային եւ երկարաժամկետ միտումների տեսակետից ֆոնդային շուկայի վրա բացասական ազդեցություն է ունեցել Brexit-ը, որը խիստ նվազեցրել է պոտենցիալ ՀՆԱ-ն։