Մոսկվան «ուշադիր հետևում է» ամենամոտ դաշնակիցների՝ ՄԱԿ-ում քվեարկությանը. Կրեմլ
Ռուսաստանը կտրականապես դեմ է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Մոսկվայի կողմից Ուկրաինային հատուցումների մասին բանաձևին, որն ընդունվել է երեկ: Այս մասին, ինչպես գրում է interfax.ru-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, այս գործընթացի կազմակերպիչները փորձում են ավարտին հասցնել մեր՝ ամբողջությամբ ապօրինի արգելափակված ոսկու և արժութային պահուստների թալանը», - երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ «Ռուսաստանն ամեն ինչ կանի»՝ կանխելու ռուսական սառեցված ակտիվների առգրավումը։
Պեսկովին նաև հարցրել են, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում այն փաստին, որ ՌԴ ամենամոտ դաշնակիցները ՄԱԿ-ում ձեռնպահ են մնացել բանաձևի նախագծի քվերակության ժամանակ:
«Սրանք ինքնիշխան պետություններ են, մենք ուշադրությամբ հետևում ենք այն կամ այն հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտահերթ նստաշրջանի մասնակիցները բանաձև են ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային պատճառված վնասների միջազգային ռեգիստր ստեղծելու մասին, ինչպես նաև ճանաչել կորուստների փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։
Բանաձևին կողմ է քվեարկել 94, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73 երկիր։
Փաստաթղթին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Մալին, Նիկարագուան, Սիրիան, Բահամյան կղզիների Համագործակցությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան և Եթովպիան։
Հետխորհրդային տարածքի երկրներից ձեռնպահ են քվեարկել Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բանաձևին աջակցել են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան և Էստոնիան։ Ադրբեջանն ու Թուրքմենստանը չեն մասնակցել քվեարկությանը։
Բանաձևին աջակցել են Հունգարիան եւ Թուրքիան։ Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան և Սերբիան ձեռնպահ են մնացել։
BRICS-ի երկրներից ձեռնպահ են մնացել Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան։