Երկրի բնակչությունը կազմում է 8 միլիարդ մարդ․ ՄԱԿ
Այսօրվանից Երկրի բնակչությունը կազմում է 8 միլիարդ մարդ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ սա 1 միլիարդով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը։ Նա հայտնեց, որ 2050 թվականին Երկրի բնակչությունը կկազմի 9,7 միլիարդ մարդ, 2080 թվականին՝ 10,4 միլիարդ մարդ, իսկ 2100 թվականից մոլորակի բնակչությունը կսկսի նվազել:
Փորձագետը պարզաբանեց, որ Երկրի բնակչության թվաքանակի աճը պայմանավորված է մահացության նվազմամբ եւ կյանքի միջին տեւողության սպասվող աճով: «20 տարի առաջ կյանքի սպասվող միջին տեւողությունը 60-65 տարի էր, 2019-ին՝ 72 տարի, իսկ 2050-ին այն կաճի մինչեւ 77 տարի։ Ծնելիության ընդհանուր գործակիցի ցուցանիշը 2,5 է, որը 2100 թվականին կնվազի մինչեւ 2,1»,-նշեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ Worldometer կայքի տվյալներով՝ նոյեմբերի 15-ին ծնվել է ավելի քան 168 հազար երեխա։