Առաջին Մունդիալն արաբական երկրում. Ֆուտբոլի ԱԱ-ի մեկնարկին մնացել է 5 օր
Եվ կրկին 4 տարի անց ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծայրերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Կատարն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Եվ, գուցե, հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` 90 րոպեի ընթացքում համախմբել միլիոններին:
Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ առաջին անգամն է, որ արաբական երկրներից մեկը` այս դեպքում Կատարը, ընդունում է Մունդիալը: Բացառիկության տեսանկյունից. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում, որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ: Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր:
Կատարն ասիական երրորդ երկիրն է Հարավային Կորեայից և
Ճապոնիայից հետո, որն ընդունում է Մունդիալը և առաջին երկիրը, որն աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար ծախսել է 200 միլիոն դոլար ենթակառուցվածքների և այլն նախապատրաստական գործընթացների վրա:
Եվ վերջապես, սա առաջին աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է ձմռանը:
Մունդիալի խմբերն ու ֆավորիտները
Ֆուտբոլային աշխարհի համար, գուցե, սա կլինի վերջին առաջնությունը, որտեղ մենք կտեսնենք բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից երկուսին` Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուին:
Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների ֆավորիտների շարքում միշտ առկա է Մունդիալների 5-ակի հաղթող Բրազիլիայի հավաքականը: Բրազիլացիների համար ֆուտբոլն ավելին է, քան պարզապես մարզաձև. այն ավելի շատ մոտ է ազգային ինքնության:
Մասնագետներն աշխարհի առաջնության հաղթողի հիմնական հավակնորդ են համարում նաև Կոպա Ամերիկայի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին` թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ:
Ֆավորիտների շարքին է դասվում նաև Անգլիայի հավաքականը, որը մնացել է երկրպագուների հիշողության մեջ Եվրոպայի նախորդ առաջնությունում ունեցած տպավորիչ ելույթներով:
Աշխարհի առաջնության գործող չեմպիոնը` Ֆրանսիան, ևս հավակնություններ ունի տիտղոսը պահպանելու, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ մի քանի աշխարհի առաջնություններում գործող չեմպիոններն անգամ խմբային փուլի արգելքը չեն հաղթահարել:
Լավագույն ազգային ընտրանիների շարքում են Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները, որոնք ինքնատիպ ձեռագիր ունեն և կարող են հասնել ԱԱ-ի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ:
Նիդերլանդներ, Բելգիա, Դանիա և Պորտուգալիա` թիմեր, որոնք Մունդիալում միշտ էլ կարողացել են փոխել խաղի ընթացքը և այս անգամ էլ կարող են:
Աշխարհի առաջնության մեկնարկին հաջորդող 28 օրերը լի կլինեն նոր հույզերով ու ֆուտբոլային իրողությամբ: Ֆուտբոլով կապրեն միլիոնները, և այս ամենի եզրափակումը կլինին դեկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակիչը:
Աշխարհի առաջնությունը մկեկնարկի նոյեմբերի 20-ին՝ Կատար-Էկվադոր խաղով: