Եռամսյա հավաքներին մասնակցած զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով նույն ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձը ձերբակալվել է:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: