«Հրապարակ». Հայաստանը խժռելու համար «լավ մուշտարի են փնտրում»
Երբեմն մեր ազգի ուժը թերագնահատում են։ Գիտե՞ք պատճառը որն է։ Հայի համբերատարությունը։ Հայը շատ համբերող, դիմացող է։ Կողքից կարող է թվալ, թե էլ ուժ չունի, սպառվել են ուժերը, բայց վստահ եղեք, ամեն պահ նա կարող է բացել երկրորդ շնչառությունը։ Նիկոլ Փաշինյանին, որ իր ողջ կյանքի ընթացքում վառոդի հոտ չի առել քթանցքներում, թվում է, թե էս պատերազմից հետո հայը «պրծել է»։ Մնում է էս ու էն վրա հասնեն ու մեզ խժռեն։ Ձեռքերը լվացել, մի կողմ է կանգնել ու «մուշտարի է կանչում», թե մեզ ով ավելի կուլտուրական կխժռի։ Քաղաքագիտական տերմիններով որ բացատրում են, դժվար է հասկանալը։ Իսկությունը սա է։ Նիկոլը Հայաստանը խժռելու համար «լավ մուշտարի է փնտրում»։ Որ Ալիևի նման կիրթ կամ Էրդողանի նման կառուցողական լինի։ Նրան թվում է, թե Հայաստանն արդեն «դուխովկում կարմրցրել են», մնում է լավ ուտողներ բերի, որ ախորժակով համտեսեն։ Այս պատմությունն եմ հիշում։
«Համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի և ճանաչված բռնցքամարտիկ Թայսոնին բերում են Հայաստան, որ մենամարտի խուլ գյուղերից մեկի հովվի հետ:
Մարզիչը հովվին հարցնում է՝ «Կարա՞ս դիմանաս», ասում է՝«հա»:
- Դու մենակ դիմացիր, ցավդ տանեմ:
Մենամարտը սկսվում է, ժողովուրդը գոռում է՝֊ դիմացի՛, դիմացի՛:
Առաջին երկու ռաունդից հետո, երբ մարզիչը էլի ասում է՝ «դիմացիր», հովիվը բարկանում է.
-Էս ռաունդն էլ ձեր խաթեր եմ դիմանում, բայց մյուս ռաունդին տալու եմ դրա քիթ ու մռութը ջարդեմ… »։
Էդ հովիվը հայն է։ Դիմանում է։