Ստամբուլում իրականացված պայթյունի կասկածյալը ձերբակալվել է
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ պայթյունը կարող էր ահաբեկչություն լինել՝ իրականացված կնոջ կողմից։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են մոտ 40 րոպե նստարանին նստած մի կնոջ, ով պայթյունից 1-2 րոպե առաջ հեռանում է՝ իր հետևում թողնելով տոպրակ։ Ըստ իրավապահների՝ կա՛մ տոպրակում եղել է հատուկ մեխանիզմ, որն ինքն իրեն պայթել է, կա՛մ պայթուցիկը գործի է դրվել հեռվից։
Թուրքիայի իշխանությունները կասկածում են, որ պայթյունի համար պատասխանատու է «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությունը։
Տեղի ունեցածից հետո Թուրքիան ցավակցություններ է ստացել աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահներից, ԱՄՆ-ից, Պակիստանից, Իտալիայից, Հունաստանից, Եվրոպական խորհրդի նախագահից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։
Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիկլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել։ Պարբերականը հաղորդում է, որ վիրավորներից 50-ը դուրս են գրվել հիվանդանոցից։