Լոս Անջելեսում փողոցային կառնավալի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ
Լոս Անջելեսի հարավում Porsche Cayenne-ն մխրճվել է կառնավալային երթի մեջ, 30-ից 50 տարեկան առնվազն վեց մարդ վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ՝ Մարտին Լյութեր Քինգի բուլվարի մոտ, հայտնում է «Shantnews»-ը։
Ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել սպիտակ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան, վարորդը անտեսել է պահանջը և շարունակելով շարժվել՝ տապալել է ցեմենտե ցանկապատն ու մխրճվել մարդկանց մեջ։
Վեց տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Անվտանգության ուժերը մեքենան հայտնաբերել են դեպքի վայրից մի քանի թաղամաս այն կողմ։
Ենթադրյալ վարորդը ձերբակալվել է, պարզվում է նրա ինքնությունը։ Դեռևս պարզ չէ նաև՝ արդյոք տղամարդը մեքենան վարել է ինչ-որ նյութի կամ ալկոհոլի ազդեցության։